10/07/2023 13:38
Ամարասի վանական համալիրի բակում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ
Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ, հայտնում է «Լույս» հիմնադրամը։
նկ. 1 Հորանի սկզբնական փակ տեսքը
Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է:
նկ. 2 Հորանի առաջին հեռացված սալերը
Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.
1. Բակի ներսում տվյալ հատվածում չկա ջրի աղբյուր, որպեսզի վերջինս հեռացվեր:
2. Բակի արևմտյան հատվածում կա ջրհոր, որի ջուրը հեռացման կարիք չունի, ծայրահեղ դեպքում՝ կարող էր հեռացվել արևմտյան ուղղությամբ՝ հատելով նույնքան քանակով և հաստությամբ պատեր, որքան տվյալ դեպքում:
3. Ջրային ցանկացած առու կառուցելիս կիրառվել են ջրամատակարարման համար կավե խողովակներ, իսկ ջրահեռացման համար՝ քարե առուներ: Իսկ բացված հորանի կողային ուղղաձիգ պատերն իրականացված են կոպտատաշ քարերի շարով, իսկ շաղախ չկա:
նկ. 3 Հորանի կողային պատի տեսքը
Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար:
Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար:
նկ. 4 Հորանի պահպանվող հատվածներ
նկ. 5 Հորանի պահպանվող ծածկասալերը
Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների նոր ֆոտոհաշվետվությունը հասանելի է այստեղ։