10/07/2023 21:26
Մարտի դաշտում Ռուսաստանը կհաղթի, երկարատևը գաղափարական պատերազմն է լինելու․ Կիրիենկո
Ռուսաստանը Ուկրաինայի հետ առճակատման թեժ փուլում կհաղթի, հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կկատարվեն, բայց տնտեսական պատերազմը կշարունակվի, իսկ ամենաբարդն ու ամենաերկարատևը կլինի «գաղափարների պատերազմը», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերեգեյ Կիրիենկոն։
«Մենք պետք է գիտակցենք, որ հենց այդ պայքարն է ամենաերկարը լինելու։ «Երեք պատերազմներից» առաջինը կավարտվի թեժ՝ մարտական փուլը, մենք անպայման կհաղթենք, կկատարենք բոլոր խնդիրները, որոնք առաջադրվել են նախագահի կողմից։ Ավելի երկար կշարունակվի տնտեսական պատերազմը, իսկ ամենաերկարատևը, ամենաբարդը կլինի գաղափարների պատերազմը՝ տեղեկատվական-հոգեբանական և գաղափարական պատերազմը»,- ասել է Կիրիենկոն։
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է նաև, որ տեղի ունեցող հսկայածավալ փոփոխություններից հետո այլ իրականություն է լինելու։
«Իհարկե, տեկտոնիկ փոփոխությունների ժամանակ ավելի հանգիստ է պատյանի մեջ թաքնվելն ու սպասելը, որ այդ փոփոխությունները անցնեն, գնան, բայց շատ կարևոր է գիտակցել, որ ամեն ինչ այլ կերպ է լինելու․ այնպես, ինչպես առաջ էր, այլևս չի լինելու։ Մենք կամ պետք է հետևենք այդ փոփոխություններին, կամ մասնակցենք այդ փոփոխությունների իրականացմանը։ Միայն այն դեպքում, եթե դու կողմնակի դիտորդ չես, պարզապես հետևող չես, այլ իրականացնող, եթե մասնակցում ես, նախագծում ու իրականացնում փոփոխություններ, լիիրավ իրավունք կունենաս ակնկալելու, որ այդ փոփոխությունների արդյունքում քո շահերը, քո համոզմունքները, քո տեսակետները հաշվի կառնվեն»,- ասել է Կիրիենկոն։