10/07/2023 21:42
Ռուբլու կուրսի տատանումները չեն ազդի Ռուսաստանի ֆինանսական կայունության վրա․ Կրեմլ
Ռուբլու կուրսի տատանումները չեն խաթարի Ռուսաստանի ֆինանսական կայունությունը, տնտեսության վիճակը ավելի լավ է, քան կարելի էր կանխատեսել, անդրադառնալով վերջին շրջանում ռուբլու արժեքի անկմանը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկեր Կրեմլում չեն տեսնում, միանշանակ։ Ընդհակառակը, տնտեսական վիճակն ավելի լավ է, քան կարելի էր կանխատեսել»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է արտարժույթի փոխարժեքի բարձրացմանը, ապա այդպիսի երևույթներ լինում են, բայց դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ ֆինանսական կայունության վրա»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը ռուբլու անկումն ու արտարժույթի կուրսի թանկացումը «սպեկուլյատիվ խաղերի» հետևանք էր համարել։