10/07/2023 13:06
Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում արդեն ունենք 1մլն զբոսաշրջիկ. սա մեր ունեցած ամենալավ ցուցանիշն է. Պողոսյան
Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում արդեն ունենք 1մլն զբոսաշրջիկ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։
«Սա ամենալավ ցուցանիշն է եղել, որը մենք ունեցել ենք։ Ամենալավ տարին զբոսաշրջության ոլորտի համար եղել է 2019 թվականը։ 2019-ի առաջին 6 ամսվա համեմատ՝ այս տարի 30 տոկոս աճ ենք ունենք։ 2019 թվականն ավարտել ենք 1.9 մլն զբոսաշրջիկով և եթե այս տեմպերով գնանք, հույս ունենք, որ 2մլն-ը կգերազանցենք», - նշեց Պողոսյանը։
Կոմիտեի նախագահն այս ակտիվությունը տարբեր պատճառներով է պայմանավորում.«Մենք մեծ աշխատանք ենք տանում Հայաստան բրենդը միջազգային շուկայում ներկայացնելու համար, որպեսզի ավելի ճանաչելի դառնա, ունենք շատ հետաքրքիր արշավներ, աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ։ Մասնակցում ենք միջազգային տարբեր ցուցահանդեսների։ Իտալիայի շուկան ենք պատրաստում ակտիվացնել, քանի որ բավականին հետաքրքրություն կարող է լինել Իտալիայից դեպի Հայաստան։ Ռուսաստանը միշտ մեր երկրով ամենահետաքրքրվածն է եղել։ Մեր զբոսաշրջիկների 52 տոկոսը հենց ՌԴ-ից են, այնուհետև՝ Վրաստանից և Իրանից»։
Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպվում են նաև այլ երկրներից այցեր։ Դրա շրջանակնրում Իտալիայից հրավիրել են 8 հոգանոց խումբ, որի անդամները իրենց համար բացահայտում են Հայաստանը և կգովազդեն Հայաստանն Իտալիայում, ինչին կնպաստեն նաև Վենետիկից, Միլանից և Հռոմից իրականացվող ուղիղ չվերթերը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում կոմիտեն որոշ երկրների ուղղություններով, որոնք հայտարարել են, թե Հայաստանը անվտանգ չէ զբոսաշրջության համար՝ Սիսիան Պողոսյանը ասաց, որ ԱԳ նախարարության և դեսպանատների հետ աշխատում են այդ ուղղությամբ. «Օրինակ՝ Գերմանիայի մասով ասեմ, որ իրենք արդեն իրենց կայքում այդ զգուշացումը թեթևացրել են, բայց ուրիշ երկրների մասով այդ խնդիրը դեռ կա և աշխատում ենք, որ այդ խնդիրը լուծենք»։