10/07/2023 20:45
«Սա դեռ սկիզբն է»․ Սարգիս Ստեփանյանը Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է ապահովել
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացոող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր ապահովել, հայտնում է armsport.am-ը։
Սարգիս Ստեփանյանն, ամփոփելով իր մրցելույթները, հավաստիացնում է՝ սա դեռ սկիզբն է. Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է՝ մեդալ նվաճելուն մոտենալու համար:
«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ նաև դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչ այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում գրանցեցի 9.74, 9.76 և 9.78:
Չեխիայի միջազգային մրցաշարում 9.65 էի հրել, բայց դա վարկանիշ ապահովող մրցում չէր: Փաստորեն, մոտ 15-20 օր անց թարմացրի արդյունքս, բայց սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ անելու եմ, որ մինչև Պարալիմպիկ խաղերը շատ մեծ տարբերությամբ արդյունք ունենամ այս նվազագույնից: Այսինքն, պետք է մոտենանք մեդալին: Ամեն ինչ անելու եմ, որովհետև պետք է: Պետք է երկիրը պատվով ներկայացնել»,- ասել է Սարգիս Ստեփանյանը:
Հայաստանի հավաքականը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում:
Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը:
Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 17-ը: