10/07/2023 18:51
Ռուս մասնագետները Երևանում անցկացրել են «Խոշոր հրդեհների մարման մեթոդները մետրոպոլիտենում և ստորգետնյա կառույցներում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Համաձայն 2023 թվականի աշխատանքային պլանով նախատեսված ուսումնական ծրագրի՝ հուլիսի 3-ից 8-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Խոշոր հրդեհների մարման մեթոդները մետրոպոլիտենում և ստորգետնյա կառույցներում» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հակահրդեհային ծառայության համալսարանից հրավիրված դասախոսների կողմից։
Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դասընթացին մասնակցում էին 15 փրկարարական ծառայող՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Երևան քաղաքի փրկարարական վարչությունից, Սևանի, Ստեփանավանի, Սպիտակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ստորգետնյա կառույցներում և մետրոպոլիտենում խոշոր հրդեհների մարման առանձնահատկություններին և կատարելագործել հմտությունները։
Դասընթացների տեսական փուլը մեկնարկեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, իսկ գործնական մասը շարունակվեց «Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղիում և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի Զորավար Անդրանիկ կայարանում։
Վերապատրաստման ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։