10/07/2023 14:01
Ադրբեջանը հարձակվում էր Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ, տարածքներ վերցնում, իսկ ռուսները մինչև հարձակումը հենակետերը թողեցին դուրս եկան․ ՔՊ պատգամավոր
Հայաստանի և հայ ժողովրդի համար Մեղրին կարմիր գիծ է, Մեղրիում միջանցք չի լինելու, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապահին Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ուժեր տեղակայելու Ռուսաստանի ցանկությունից։
Ըստ Մելքոնյանի՝ ճանապարհները, կոմունիկացիաները կարող են բացվել, բայց դրանք էլ Հայաստանի հսկողության տակ պետք է լինեն, ոչ թե ռուսների։
Իշխանական պատգամավորը հիշեցրել է՝ Եղեգնաձորի, Ջերմուկի ճանապարհներին ռուսները հենակետեր դրեցին, ահագին զորք իջեցրեցին Սյունիք, ու «էդ զորքը ոչ մի բանի չխառնվեց»։ Ըստ Մելքոնյանի, տեղի ունեցավ հակառակը՝ երբ որ Ադրբեջանը հարձակվում էր Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ, տարածքներ էր վերցնում, ռուսները երեք-չորս ժամ առաջ մինչև հարձակումը հենակետերը թողեցին դուրս եկան։
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը միայն Հայաստանի համար է գործել, շեշտելով՝ Հայաստանը բոլոր կետերը կատարել է, բայց Ադրբեջանը չի կատարել նույնիսկ 50 տոկոսը։
«Մենք տվեցինք Խծաբերդը, մնացած տարածքները կամաց-կամաց ռուսները նվիրեցին ադրբեջանցիներին ու առաջ են գալիս, Լաչինի միջանցքն էլ նվիրեցին, ամեն ինչ նվիրեցին, և այդ համաձայնագրի ոչ մի կետ իրենք չպաշտպանեցին, բացի դրանից էլ հիմա Լաչինի միջանցքի հետ է խնդիր բարձրացել․ իրենց ամբողջ նպատակը միջանցքն ադրբեջանցիներին հանձնելն է։ Պետք է հասկանանք, որ մենք պետք է ամուր լինենք, որպեսզի ոչ մի զորք այնտեղ չտեղակայվի, մեր տարածքն է, մենք էլ պետք է մեր տարածքը պաշտպանենք, դրա անվտանգությունը մենք պետք է ինքներս պահենք», - ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ https://www.azatutyun.am