11/07/2023 22:55
Ցավ ձեռքերում․ հնարավոր պատճառները և ցավը մեղմելու եղանակները
Ձեռքերը և վերին վերջույթները կարող են ցավել բազմաթիվ պատճառներով՝ սկսած հոդաբորբից մինչև նյարդերի ճնշում:
Կախված պատճառից, ձեռքերի շրջանում տարածվող ցավը կարող է սկսվել հանկարծակի կամ զարգանալ աստիճանաբար:
Բազմաթիվ դեպքերում ձեռքի ցավը կարող է իրականում սկսվել ոչ թե այդ վերջույթում, այլ՝ պարանոցում կամ թիկունքում առկա խնդիրների պատճառով, որից հետո ճառագայթվել՝ ձեռքի երկայնքով տարածվել մինչև դաստակ ու մատներ: Պետք է նաև նկատի ունենալ, որ ձեռքի՝ ճառագայթվող և թուլությամբ ու հոգնածության զգացումով ուղեկցվող հանկարծակի ցավը կարող է լինել շատ ավելի լուրջ հիվանդության նշաններից մեկը, ինչպիսին է, օրինակ, սրտամկանի ինֆարկտը:
Ձեռքի ցավի հնարավոր պատճառները ներառում են՝
կրծքահեղձուկ (ստենոկարդիա) և սրտամկանի ինֆարկտ,
ձեռքի և դաստակի վնասվածքներ և կոտրվածքներ,
բուրսիտներ (հոդի ձուսպապարկի բորբոքում),
կարպալ թունելի համախտանիշ,
պարանոցային ողնաշարի սկավառակի ճողվածք,
արմնկային հոդաբորբ,
ֆիբրոմիալգիա,
ռևմատոիդ արթրիտ՝ հոդերի քրոնիկ աուտոիմուն բորբոքային հիվանդություն,
ջլերի գերձգում,
տենդոնիտ (ջլի բորբոքում),
կրծքային ելքի համախտանիշ,
արմնկային նյարդի ճմլում:
Առանց ուշացնելու կապ հաստատեք բժշկի հետ, եթե ունեք՝
ձեռքի, ուսագոտու կամ թիկունքի ցավեր, որոնք առաջանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ և մեղմանում հանգիստ վիճակում, որը կարող է լինել սրտամկանի անբավարար արյունամատակարարման նշան,
ձեռքի սուր վնասվածք, հատկապես, եթե լսում եք կոտրվածքի ձայն (խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ տրավմատիկ շոկ),
ձեռքի շրջանի ուժեղ ցավեր և այտուցվածություն,
ձեռքի ախտաբանական շարժունություն կամ նորմալ շարժունակության կորուստ,
վնասված շրջանի կարմրություն, այտուցվածություն կամ ցավ:
Եթե կարծում եք, որ ունեք ձեռքի կամ դաստակի կոտրվածք, վնասված շրջանում կիրառված սառեցնող միջոցառումները և նույն ձեռքի որոշակի անշարժացումը կարող են մեղմացնել ցավերը՝ մինչև այցելեք բժշկական կենտրոն:
Ձեռքի վնասվածքների դեպքում օգտակար կարող են լինել հետևյալ միջոցառումները․
Հանգիստ. խուսափեք ֆիզիկական ակտիվությունից, հատկապես վնասված ձեռքն օգտագործելուց կամ շարժելուց:
Սառույց. օրական 3 անգամ 15-20 րոպե վնասված շրջանի վրա դրեք սառցեպարկ:
Սեղմող վիրակապ. օգտագործեք սեղմող վիրակապ, որը կօգնի ձեռքի այտուցի նվազեցմանը:
Ձեռքի բարձր դիրք. հնարավորության դեպքում ձեռքին տվեք բարձր դիրք, որպեսզի մեղմացնեք այտուցը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ