11/07/2023 10:03
«Հրապարակ». Ովքեր են շահագրգռված Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում: Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ՄԻՊ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է, թե ինչ թեմաներ գտնեն Թագուհի Թովմասյանի վրա, որ հնարավոր լինի զրկել նրան պաշտոնից: Քանի որ միայն Էդգար Ղազարյանին խոսելու իրավունքից չզրկելը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՄԻՊ հանձնաժողովի նախագահին պաշտոնազրկելու համար, փնտրել են այլ պատճառներ: Վլադիմիր Վարդանյանը հուշել է, որ խորհրդի նիստերից բացակայությունը կարող են հիմնավորման մեջ նշել:
Այսինքն՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում շահագրգռված է խմբակցությունից առնվազն 3 հոգի. Արթուր Հովհաննիսյանը, ում մասնակցությամբ ՄԻՊ ընտրության հանձնաժողովի նիստը սկանդալի վերածվեց, Անդրանիկ Քոչարյանը, ով իրականում պայքարում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն իր հանձնաժողովից արտահոսքեր է ապահովում, և Ռուստամ Բաքոյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է և, ասում են, աչք ունի Թովմասյանի աշխատասենյակի ու ծառայողական ավտոմեքենայի վրա»։