11/07/2023 12:07
Մեկնարկել է փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան. 502 փաստաբան միացել է ոստիկանապետին փաստաբանության թշնամի ճանաչելու պահանջին (Տեսանյութեր)
Մեկնարկել է փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան:
Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից փաստաբանները քայլերթով գնում են դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով։
«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն իրեն պասիվ դրսևորեց. ծառայողական քննության շրջանակներում իրենք հնարավորություն ունեին առանց քրեական վարույթի փուլին հասնելու՝ ժամանակավորապես կասեցնել փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների պաշտոնավարումը։ Բայց ստացվում է, որ իրենք անգործության մատնվեցին, սպասեցին մինչև քննչական դեպարտամենտը կիրառեց այդ միջոցը և պաշտոնավարումը կասեցվեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել, որտեղ մտահոգություն էր ներկայացված փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։
Փաստաբան Գոռ Գևորգյանի գնահատմամբ՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը մինչև վերջ անդրդվելի է մնացել և իր պահվածքով խրախուսել է փաստաբանների նկատմամբ կատարվող բռնությունը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ փաստաբանների խնդիրը ոստիկանության ինստիտուտի դեմ չէ։
«Մեր խնդիրը ոստիկանության համակարգում բռնություններ իրականացրած անձանց դեմ է, ովքեր քաղաքացուն պաշտպանելու փոխարեն նրա նկատմամբ բռնություն են կիրառում։ Մեր խնդիրն այն չէ, որ ինչ-որ պաշտոնատար անձ հրաժարական տա, մեր խնդիրն այն է, որ բոլորի մոտ ամրագրվի, որ փաստաբանին չի կարելի դիպչել»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, թե 502 փաստաբան միացել է պահանջին՝ ոստիկանապետին ճանաչել փաստաբանության թշնամի։