11/07/2023 13:22
«Հանդիպման արդյունքներից գոհ ենք». Փաստաբաններն ու ոստիկանները հայտարարություն կստորագրեն
Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։
«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ էր մասնակցում հանդիպմանը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրեց բոլոր խնդիրները, եղավ վերլուծություն։ Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծվում է ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»,- հանդիպումից մանրամասներ ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Փաստաբանների գնահատմամբ՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն իր պահվածքով խրախուսել է փաստաբանների նկատմամբ կատարվող բռնությունը։
Արա Զոհրաբյանը նշեց՝ ոստիկանությունում հավաստիացրել են, թե մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։
«Ասացին, որ այսուհետ ամեն ինչ կանեն, որ փաստաբաննների հետ նման դեպքեր չկրկնվեն։ Տարբեր հավաստիացումներ եղան։ Որոշվեց, որ հանձնախմբում կլինեն 3 փաստաբան և 3 ոստիկան»,- նշեց Արա Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե համատեղ հայտարարություն կներկայացվի։
Ինչ վերաբերում է եռօրյա բողոքի ակցիային, արդյո՞ք այն կշարունակվի նաև վաղը՝ Արա Զոհրաբյանն ասաց, թե այսօր երեկոյան փաստաբանների ակումբի նիստ են անելու, որտեղ կքննարկեն հետագա անելիքները։
«Հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, և կար հավաստիացում, որ իրենց զեկուցել էին, թե նման դեպք տեղի չի ունեցել, ինչն էլ եղել է ոստիկանության ղեկավարության անտարբերության կամ դանդաղ շարժվելու պատճառը», - նշեց Արա Զոհրաբյանը։