11/07/2023 20:00
«Հիմա եկել է ժամանակը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունները ամրագրվեն թղթի վրա և ստորագրություններ դրվեն»․ Ալիևը պահանջում է Արցախն ու «անկլավները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պետք է ամրագրվեն թղթի վրա՝ գրավոր, ապա ստորագրվեն։
Ալիևը նախ հայտարարել է, որ բանակցությունների վերջին փուլերի և «մի քանի օր հետո նախատեսված բարձր մակարդակի շփումների» նպատակը «խաղաղության պայմանագրին» ավելի մոտենալն է, ապա հավելել է, որ պայմանագրի կնքումը միայն իրենցից չէ կախված։
«Հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է բանավոր արտաբերված խոսքերը՝ սկզբունքները, փոխանցի թղթի վրա»,- ասել է նա, ապա հնչեցրել է պահանջներ։
«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում՝ Ղարաբաղը և «անկլավային» գյուղերը։ Դա պետք է որպես դրական գործոն գնահատել։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ իսկ խոսքերը ամրագրվեն թղթի վրա, որպեսզի ստորագրություններ դրվեն ու հարաբերությունները կարգավորվեն։ Համենայն դեպս, մենք կշարունակենք մեր ջանքերն՝ այդ ուղղությամբ»,- ասել է Ալիևը։