11/07/2023 15:30
Բաքվի մեղադրանքները հիմնազուրկ են, պետք է պահպանենք նեղ մարդասիրական միջանցքը․ Անահիտ Ավանեսյան
Մեղադրանքները մշտական են հնչում, ամբողջովին հիմնազուրկ են և ՀՀ-ն բազմիցս դատարանում ապացուցել է, որ դրանք կրում են զուտ մարդասիրական բնույթ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսօր տարածված այն հայտարարությանը, թե ԿԽՄԿ-ի կողմից «մաքսանենգ ճանապարհով» տարբեր ապրանքներ են տեղափոխվել Արցախ՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ավելացրեց, որ շարունակելու են աշխատանքները Կարմիր խաչի հետ, որպեսզի պահպանվի այդ շատ նեղ մարդասիրական միջանցքը, որպեսզի կարողանան պացիենտների տեղափոխման, ինչպես նաև դեղերի մատակարարման հարցերը լուծել.«Դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ մի փոքր խմբաքանակի տեղափոխման հնարավորությունը, որ ժամանակ առ ժամանակ լինում է, ամենևին հարցի լուծում չէ։ Այսօր էլ թե՛ պլանային, թե՛ վիրահատական միջամտությունները հնարավորինս հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բուժօգնությունը հնարավոր լինի»։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ դա բացատրելով ԿԽՄԿ մեքենաներում «մաքսանենգ» ապրանքի հայտնաբերմամբ։