11/07/2023 12:26
«Փաստաբանության թշնամի» կոչումը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին. Ակցիա՝ ոստիկանության դիմաց (Տեսանյութ)
Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները երթով հասան ոստիկանության շենք։
««Փաստաբանության թշնամի» խորագրով հավաստագիր ենք հանձնում ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ, և, ցավոք, չի արձանագրվում պատշաճ գնահատական կատարվածի վերաբերյալ։ Երկար ժամանակ է անցել, որպեսզի ունենանք ադեկվատ գնահատական կատարվածի վերաբերյալ։ Առ այսօր ոստիկանական համակարգի կողմից այդ գնահատականն արձանագրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք՝ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քաղաքացուն խոշտանգած ոստիկանների պաշտոնավարումը կասեցվել է։
Ոստիկանապետին «Փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին միացել է 502 փաստաբան։
Մինչ փաստաբանները շարունակում էին ակցիան, Ներքին գործերի նախարարությունից վերջիններիս հայտնեցին, որ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել նրանցից երեքին։