11/07/2023 16:13
Ելքի վիզան ինչի՞ համար ա, հերթերը տեսե՞լ եք, աշխարհում էլի երկիր կա՞, որ կիրառում ա․ Պատգամավորը՝ փոխնախարարին
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ՀՀ քաղաքացիների անձնագրում ելքի վիզան ինչի՞ համար է պահանջվում և կա՞ աշխարհում երկրորդ երկիր, որտեղ ևս նման վիզան պահանջվում է՝ երկրից դուրս գալու համար։
Պատգամավորը նաև ավելացրեց, որ հենց անձնագրում այդ մեկ կնիքը դնելու պատճառով է անձնագրային բաժանմունքներում այդքան անհռելի հերթեր գոյանում.«Այնպես էլ չի, որ մեծ գումար են տալիս քաղաքացիները, որ մտածենք՝ պետությունը գումարի համար է դա անում։ Արդյո՞ք նախատեսված է այդ ընթացակարգը հանել»։
Մկրտչյանն էլ պատասխանեց, որ օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության այդ կնիքը սահմանված է կառավարության որոշմամբ.«Այդ խնդրի լուծումը վերջնական նոր համակարգի ներդրմամբ կլուծվի, երբ ՀՀ-ում կգործի ՀՀ քաղաքացու մեկ ճամփորդական փաստաթուղթ՝ այն է բիոմետրիկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նման կնիքի անհրաժեշտություն չի լինի»։
Նա նաև ավելացրեց, որ միայն ՀՀ-ում է, որ ելքի այդ կնիքն անհրաժեշտություն է։ Գաբրիելյանն էլ արձագանքեց, որ բիոմետրիկ անձնագրերի մասով էլ արդեն քանի տարի է՝ խնդիրներ են լինում և միշտ հետաձգվում են, քանի որ տպելու հետ կապված խնդիրներ կան. «Կա՛մ պետք է շուտ ապահովենք այդ բիոմետրիկ անձնագրի տրամադրումը, կա՛մ այդ կնիքի հարցը լուծենք»։