11/07/2023 21:10
ԱՄՆ մտադիր է Թայվանում կենսաբանական լաբորատորիաներ հիմնել․ Չինաստանը շրջանառվող տեղեկությունների հաստատմանն է սպասում
Թայվանում ամերիկյան կենսալաբորատորիաներ հիմնելու մասին տեղեկությունները հաստատվելու դեպքում լրացուցիչ հիմքեր կառաջանան՝ ապացուցող, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգներն ապակառուցողական քաղաքականություն է վարում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա կապացուցվի, որ ԱՄՆ ապակառուցողական մտադրություններ ունի Թայվանի առնչությամբ»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Թայվանի լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, ըստ որոնց ԱՄՆ մտադիր է Թայվանում կենսաբանական լաբորատորիաներ հիմնել՝ կենսաբանական զենք ստեղծելու համար։ Ըստ հրապարակումների, Թայվանի վարչակազմն ամերիկյան կողմի հետ երկու գաղտնի հանդիպում է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է Թայվանում կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ սկսելու մասին ամերիկյան կողմի առաջադրած պահանջը։ Թայվանի պաշտպանական գերատեսչությունը հանդիպմանը հայտարարել է, որ BSL-4 կենսաբանական անվտանգության ամենաբարձր մակարդակով լաբորատորիայի կառուցման նախագիծ է պատրաստել, իսկ ամերիկյան կողմը նշել է, որ մտադիր է մասնագետներ գործուղել՝ վերստուգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Ավելի ուշ, սակայն, Թայվանի վարչակազմը հերքել է մամուլի այս հրապարակումները։