11/07/2023 17:56
Միգրանտների կողմից ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելու կարգում կարող են փոփոխություններ մտցվել
ՌԴ Պետդումա է ներկայացվել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար միգրանտների կողմից ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ռուսերենի պարտադիր քննություններ հանձնողների տարիքը 18-ի փոխարեն սահմանել 14։
Ինչպես լրագրողներին հայտնել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Անդրեյ Կուզնեցովը, այս փոփոխությունից բացի, օրենսդրական փաթեթ է պատրաստվում՝ միգրացիոն քաղաքականությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու նպատակով։
«Մեր կողմից մշակված օրենսդրական փաթեթի առաջին առաջարկն արդեն ներկայացրել ենք Պետդումայի քննարկմանը, այն քաղաքացիություն ստանալու պայմանների խստացում է ենթադրում, իսկ ավելի հստակ՝ մենք առաջարկում ենք փոփոխել այն մարդկանց տարիքային շեմը, որոնք ՌԴ քաղաքացիություն ստանալիս պարտավոր են ռուսաց լեզվի քննություն հանձնել։ Առաջին խումբը մինչև 18 տարեկան երեխաներն են, անչափահասները։ Գործող օրենսդրության համաձայն՝ քննություն պետք է հանձնել, եթե լրացել է անձի 18 տարին։ Մենք առաջարկում ենք 4 տարով կրճատել սահմանված տարիքը, սահմանել 14 տարեկանը»,- ասել է Կուզնեցովը։