11/07/2023 19:02
Մոլդովայում ստորագրահավաք է սկսվել՝ իշխող կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով
Մոլդովայում ստորագրահավաք է սկսվել՝ իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցության գործունեությունը հակասահմանադրական ճանաչելու նպատակով։ Ստորագրահավաքը նախաձեռնել է երկրի արտախորհրդարանական ընդդիմության «Վերածնունդ» կուսակցությունը՝ Բելց քաղաքում, որը համարվում է Մոլդովայի հյուսիսային մայրաքաղաքը։ Ստորագրահավաքը մեկնարկել է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության՝ իշխանության գալու երկամյակի կապակցությամբ նաև։
«Այս երկու տարիները մեր երկրի համար վշտի և հիասթափության ժամանակաշրջան էին։ Մոլդովան, որը մենք ճանաչում ու սիրում էինք, այժմ ուժասպառ ու լքված է։ Մենք մեր քաղաքացիների մասնակցությամբ բավականաչափ ստորագրություններ կհավաքենք, որպեսզի դիմենք Սահմանադրական դատարան՝ պահանջելու կատարել ժողովրդի կամքը՝ ճանաչել և արձանագրել PAS-ի բոլոր հանցագործություններն՝ ընդդեմ Մոլդովայի ժողովրդի և արգելել այդ կուսակցությունը մեր երկրում»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունը։
Նշենք, որ Մոլդովայի ընդդիմությունը մեկ տարուց ավելի է՝ բողոքի գործողություններ է իրականացնում ընդդեմ իշխող կուսակցության՝ պահանջելով կառավարության և նախագահ Մայա Սանդուի հրաժարականը և պնդելով, որ նրանք անկարող են հաղթահարել երկրում առկա տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը։