11/07/2023 11:32
Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գրառմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի:
1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս:
Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով):
Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով):
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով):
Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»։