11/07/2023 14:36
Դպրոցը քանդելու հերթական քայլ. Կրթության փորձագետը՝ դպրոցների կառավարման նոր մոդելի մասին
Դպրոցների կառավարման նոր մոդելը սեպտեմբերից կներդրվի բոլոր դպրոցներում։ Ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Խնդիրը շատերին է մտահոգել, կրթության փորձագետներն էլ ահազանգում են, որ այն կազմաքանդելու է դպրոցները։
«Կույր ադապտացնելն ինչ-որ մի բանի, երբեք լավ բանի չի բերելու։ Մենք ունենք բազում նման օրինակներ, երբ մարդիկ չեն պատկերացնում բովանդակությունը, թե տնտեսական միջոցներն ինչպես պետք է կառավարեն։ Ցանկացած նյութական ռեսուրսի, ֆինանսի բաշխում բխում է բովանդակության բերված անհրաժեշտություններից։ Տնօրեններն այս խնդիրն այս սուղ պայմաններում մի կերպ լուծել են, և ես դա տեսել եմ իմ աչքով։ Ինչպես պետք է մարդը, ով ներգրավված չէ բովանդակային գործընթացների մեջ, կարողանա նյութական ռեսուրսների բաշխումը կատարել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Լիլիթ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ եթե լավ համագործակցություն լինի, ապա ինքը չի բացառում ոչ մի համակարգի աշխատանք.«Ցանկացած բան, որ բերում են և այստեղ ուզում են ներդնել, լավ կլինի, որ փոքր օղակում փորձարկվի, նոր համատարած լինի։ Այսինքն՝ այս մոդելը մի քանի դպրոցների վրա կարելի էր փորձարկել, նոր ներդնել բոլոր դպրոցներում։ Եթե դա փորձարկում չի անցնում, բերել ու տեղայնացնել ամբողջ համակարգի վրա՝ անընդունելի է ու ճիշտ չէ։ Այդ համակարգում կան մարդիկ, ովքեր մեծ դժվարությամբ «գլուխ են հանում» այս իրավիճակներում, ապրում են շրջաններում, ղեկավարում են բազմաթիվ խնդիրներով դպրոցներ՝ քիչ աշակերտներով։ Բերել այդ մարդկանց և կանգնեցնել այս փաստի առաջ՝ ճիշտ չէ։ Արհեստական տարանջատում պետք է գնա և ստացվելու է, որ 5 աշակերտն ունենալու է 7 ղեկավար՝ պայմանականորեն ասած։ Պետք էր հասկանալ՝ արդարացվա՞ծ է նման լուծումը, թե՞ ոչ, այն արդյո՞ք ծառայելու է իր նպատակին, թե՞ ոչ։ Բերում են, ներդնում են, արդեն փաստն ունենք։ Իրենք անգամ չգիտեն՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ, փորձագետն ինչպե՞ս դա ասի»։
Փորձագետի դիտարկմամբ՝ տնօրենները պետք է անցնեին բավականին լուրջ դասընթացներ, որպեսզի ֆունկցիոնալության բաշխման պատասխանատվությունը լավ պատկերացնեին.«Դա պետք է ներդրվեր արդեն ամուր գործող համակարգերում, որտեղ խնդիրներ համեմատաբար չկան և սա պետք է դիտարկվեր որպես խնդիր։ Եթե նման բան չենք անում և նորից բերում ենք մեր հիվանդ օրգանիզմը, համակարգին փաթաթում ենք մեկ այլ բազմաբարդ համակարգ, որքանո՞վ սա կաշխատի՝ ենթադրում եմ, որ լուրջ խնդիրներով։ Մանավանդ, որ շուտով նոր կրթական չափորոշիչներն էլ ամբողջ ծավալով ներդրվեն։
Ով պետք է այդ ամենից գլուխ հանի, թվում է, թե ամբողջն արվում է մեծ խառնաշփոթ ստեղծելու նպատակով։ Այդ կրթական չափորոշիչների մասով էլ եղան բազմաթիվ տարաձայնություններ և հասարակության կողմից մերժում, բայց ոչ մի բան հաշվի չառնվեց և հիմա զոռով, ստիպողաբար այդ չափորոշիչները փաթաթեցին մեր համակարգի և գալիք սերնդի վզին։ Հիմա չգիտեմ, թե ինչ բովանդակություն են ստանալու դպրոցից, մի հատ էլ կառավարումը տեղը չլինի՞։ Դրանում դպրոցը քանդելու մի հերթական քայլ եմ տեսնում, առանց փորձարկման կառավարման նման մոդելներ չեն ներդնում»։