11/07/2023 09:49
«Ժողովուրդ». Ժողովրդավարության կեղծ քողի տակ ԱԺ-ն զրկվում է հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը շարունակում է իր խայտառակ ու ոչ ադեկվատ գործելաոճը: Երեկ նրանք պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրինագիծը, որը պետք է քննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նիստերի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՔՊ-ականները անակնկալի են եկել՝ իմանալով, որ հարցն այնքան է լրջացել, որ ԱԺ նիստերի օրակարգ է մտել. մինչ այդ շատ պատգամավորներ անլուրջ են համարել նախաձեռնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնարարություն են ստացել Բաղրամյան 26-ից՝ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետևեն ԱԺ բոլոր ՔՊ-ական պատգամավորների քայլերին, ու հանկարծ չլինի մեկը, որն առանց հարգելի պատճառի բացակայի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությունից:
Ավելին՝ մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգվել է ՔՊ պատգամավորներին, ինչպես բոլոր կարևոր քվեարկություններից առաջ, ԱԺ ընտրական գործընթացը սկսել հեռախոսի տեսանկարահանումը միացված:
Այսինքն՝ պատգամավորը միացնում է հեռախոսը, և վիդեո կադրում պետք է երևա, թե ինչպես է մտնում քվեախցիկ, քվեարկում հրահանգված սցենարով, ապա ծալում այն, բերում, նետում քվեախցիկը և դուրս գալիս: Ողջ գործընթացի ժամանակ չպետք է հեռախոսը անջատված լինի, որպեսզի կասկածների դեպքում ֆրակցիայի ղեկավարությունը ստուգի ՔՊ-ականների քվեարկությունը: Այսպիսով, կասկած չկա, որ ժողովրդավարության կեղծ քողի տակ ԱԺ-ն զրկվում է հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից և վերածվում է ՔՊ-ականների հավաքատեղիի»։