11/07/2023 10:16
«Փաստ». Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում
«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Հատկապես վերջին շրջանում քաղաքացիները մասնավորաբար սոցկայքերի միջոցով ավելի ու ավելի հաճախ են ստանում տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարելու առաջարկներ, և, ի վերջո, կորցնում են բավականին մեծ գումարներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հուշում է՝ ինչպես հասկանալ առաջարկվող ներդրումը կե՞ղծ է, թե՞ ոչ, մյուս կողմից՝ օգնում հասկանալ՝ որտե՞ղ կարելի է վստահաբար ներդրումներ կատարել:
Մարտիրոսյանն ասում է, որ կան հայկական բիզնեսներ, որոնք դառնում են բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դառնալ դրանց բաժնետերը: «Այսօր այդ ընկերությունները դեռ շատ չեն, բայց կարելի է ընտրել՝ տրամաբանելով, թե որ բիզնեսներն ունեն կայուն հիմք և զարգանում են: Հայաստանում այսօր դրանք, օրինակ՝ բանկերն են: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս շարունակում են զարգանալ, սա անխուսափելի գործընթաց է և կարելի է փորձել ներդրում կատարել, օրինակ՝ տելեկոմների մեջ»,-նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ է բերում «Թիմ» տելեկոմը, որը Հայաստանում առաջինն է հայտարարել բաժնետոմսերի վաճառքի մասին, և այսօր քաղաքացին կարող է դառնալ դրա բաժնետեր, գործարքը բավականին հեշտ է, լուրջ գիտելիքներ ունենալու կարիք չկա:
Փորձագետը նշում է՝ նախ՝ վստահելի ընկերության մեջ ներդրում կատարելով՝ քաղաքացին կարող է վստահ լինել, թե որտեղ է ներդրում կատարում, բացի դա, փողը մնում է Հայաստանի տնտեսության մեջ, «ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ կատարեն հայկական բիզնեսներում», առավել ևս՝ չխաբվեն գայթակղիչ, բայց կեղծ առաջարկներից»։