11/07/2023 12:10
Թող Թագուհու տեղը նշանակեն լկտի պահվածք դրսևորած Արթուր Հովհաննիսյանին, կամ էլ «պայծառ, մեծ ընդունակություններով» իրավապաշտպան Վահագն Ալեքսանյանին. Ժաննա Ալեքսանյան
ՔՊ-ն բացարձակ իշխանություն է ուզում, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՔՊ նախագծին, ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մենք հիշում ենք ՄԻՊ-ի թեկնածուի նիստը, թե ինչպես էր ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը միջնադարյան սպառնալիքներով հանդես գալիս՝«լեզուդ կկտրեմ, աչքդ կհանեմ»։ Կամ ԱԺ նախագահը թքում է, լրիվ լկտի պահվածք են դրսևորում ու հիմա Թագուհի Թովմասյանի հարցն են բարձրացնում։ Ուզում են մարդու իրավունքների պաշտպանության որևէ նոտա չլինի ԱԺ-ում։ Թող նշանակեն կամ այդ Արթուր Հովհաննիսյանին, կամ էլ «պայծառ, մեծ ընդունակություններով» իրավապաշտպան Վահագն Ալեքսանյանին ու վայելեն իշխանությունը, սակայն չեմ կարծում, որ դա երկար կտևի», - նշեց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունները իրենցից բացի ուրիշ ոք ոքի չեն հանդուրժում և դա առաջին հերթին վարչապետի մակարդակով. «Ընդ որում այդ նախագծի զեկուցողը Հովիկ Աղազարյանն է, ով ֆեյսբուքում իր լկտի գրառումներով շատ հայտնի է։ Իսկ լկտիները, երբ օրինագիծ են բերում օրինականության մասին, նշանակում է՝ մեր երկիրն արդեն փլուզվել է, որ հանրությունն այս վիճակը մարսում է։ Ու հիմա ոհմակային հարձակում կլինի Թագուհի Թովմասյանի դեմ։ Ինձ համար ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը ոչ մի չափանիշ չեն, ես խոսում եմ, թե ինչպես են իրենց լիազորությունները կատարում տվյալ անձինք, ովքեր նշանակվել են այդ պաշտոններին։ Մեր երկրում շատ վատ իրավիճակ է»։
Ալեքսանյանը չի բացառում նաև, որ առանց Թագուհի Թովմասյանի մասնակցության էլ նրա լիազորությունները կդադարեցնեն. «Ինչպես ասում են՝ իշխանությունն այլասերություն է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերություն։ Ու հենց դրա մեջ ենք հիմա մենք գտնվում։ Հովիկ Աղազարյանը կարողանու՞մ է իրեն կառավարել, որպեսզի չհայհոյի, որ հիմա էլ նախագիծ է բերել»։
Հարցին, թե այս առումով իրավապաշտպաններն ինչ անելիք ունեն, հնարավո՞ր է համախմբվեն և ինչ-որ բան անեն, Ալեքսանյանը նշեց. «Ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել, ես իմ փոխարեն խոսեցի»։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
Այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ։