11/07/2023 21:48
Գյումրիում քաղաքացին իր հարազատների գերեզմանոցում նոր հանգուցյալի է հայտնաբերել․ գործը քննչականում է․ «Առավոտ»
Գյումրու թիվ 1 գերեզմանոցը վաղուց համարվում է կիսափակ, այսինքն՝ այստեղ նոր հողատարածքներ չեն հատկացվում, մնացել են ընտանեկան գերեզմանները, և հուղարկավորությունները միայն այդտեղ են շարունակվում, գրել է «Առավոտ»-ը՝ տեղեկացնելով՝ «Երևանում բնակվող Ա․Հ․-ն, սակայն, իր հարազատների գերեզմանոցում հուղարկավորված հանգուցյալի է հայտնաբերել»։
Նա մի քանի օր առաջ դիմել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ 2022 թվականին Ս․Ա․-ն և Ն․ Ա․-ն, առանց թույլտվության, իր հարազատների գերեզմանոցում հուղարկավորել են Մ․ Ա․-ին։ «Առավոտ»-ի տեղեկություններով, գործն ուղարկվել է քննչական վարչություն:
Ավելի վաղ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն «Առավոտ»-ին տեղեկացրել էր, որ հանցագործությունները՝ գողության դեպքերը, սրբապղծությունները կանխելու նպատակով Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում», տեսախցիկներ են տեղադրելու։
Պաշտոնյան նշել էր, որ Գյումրու գերեզմանատներում պահակների հաստիքներ չկան, քանի որ քաղաքի բյուջեն հնարավորություններ չունի։ Պահակներ պահելու համար մեծ ծախսեր են պահանջվում․ Էդուարդ Բաղրամյանի հաշվարկներով՝ առնվազն 8 պահակ է անհրաժեշտ, այսինքն՝ տարեկան առնվազն 8 միլիոն դրամ գումար։