11/07/2023 10:21
«Ժողովուրդ». Կարևոր մարմիններում «բարդակ» վիճակ է. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել և նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից:
Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:
Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո, ի վերջո, այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից հինգ ամիս անց անգամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը:
Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, և նրան վստահված էր հենց Ավագյանին «հսկելու» գործառույթը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տեսչական մարմիններում ղեկավար գտնելու «առաքելությունը» վստահել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ վերջինս էլ չի կարողանում մարդ գտնել այդ պաշտոններում առաջադրելու համար:
Բանն այն է, որ շատերը ոչ մի ցանկություն չունեն աշխատելու Հարությունյանի, առավել ևս՝ այս իշխանության հետ: Ու նման կարևոր մարմիններում «բարդակ» վիճակ է. ո՛չ տեր կա, ո՛չ էլ վերահսկող: Կարևորը ամեն ամիս պարտաճանաչ աշխատավարձ ու պրեմիաներ են ստանում:
Ու սա վերաբերում է բոլոր նման կառույցներին, որտեղ ամիսներով ղեկավար չեն նշանակում, իսկ նշանակելու դեպքում նշանակվածները «ձգում են» առավելագույնը մեկ տարի: Տեսնենք, թե, ի վերջո, երբ Հարությունյանին կհաջողվի մեկ անձ գտնել այդ պաշտոնում նշանակելու համար»։