11/07/2023 22:03
Ռուսաստանում օրենքով կարգելվի ոչ միայն սեռափոխությունը, այլև սեռն արդեն փոխած անձանց կողմից երեխաների որդեգրումը
ՌԴ Պետդումայի առողջության պաշտպանության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել սեռափոխությունն արգելող օրենքի նախագծում լրացմանը, որով զույգերին, որոնցից մեկնումեկը փոխել է սեռը, կարգելվի երեխա որդեգրել, ՏԱՍՍ-ին հայտնել է հանձնաժողովիի ղեկավարի տեղակալ Սերգեյ Լեոնովը։
«Եթե զույգ համարվող երկու անձանցից մեկնումեկը փոխել է սեռը, ապա նրանց կարգելվի երեխաներ որդեգրել, լինել նրանց խնամակալը»,- պարզաբանել է պատգամավորը։
Մեկ այլ դրույթով էլ արտասահմանում սեռը փոխած անձը իրավունք չի ունենա ՌԴ-ում անձնագիր ստանալ, որտեղ նշված կլինի նրա նոր սեռը։
Ռուսաստանում սեռափոխության արգելք սահմանող օրենքի նախագիծը Պետդումայում շրջանառության մեջ է դրվել մայիսից, նախատեսվում է «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքը լրացնել դրույթով, որով արգելվելու է բժշկական միջամտություններ կատարել՝ ուղղված անձի սեռը փոխելուն, ինչպես նաև առաջնային և երկրորդական սեռական հատկանիշներ ձևավորելուն։ Օրենքը թույլատրում է բժշկական միջամտություններ կատարել երեխաների մոտ սեռի ձևավորման բնածին անոմալիաների դեպքում, բայց միայն ՌԴ պետական առողջապահական հաստատության բժշկական հանձնաժողովի որոշմամբ։
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հուլիսի 13-ին։