12/07/2023 20:55
Միտելշմերց․ ինչի մասին կարող են հուշել ձվազատման ցավերը
Միտելշմերցը կամ օվուլյացիոն ցավը միակողմանի ստորորովայնին ցավ է, որը կապված է ձվազատման (օվուլյացիայի) հետ:
Միտելշմերցը, որը գերմաներենից թարգմանվում է որպես «միջին ցավ», առաջանում է դաշտանային ցիկլի կեսին` հաջորդ դաշտանից մոտ 14 օր առաջ:
Շատ դեպքերում ձվազատման ցավերը բուժօգնություն չեն պահանջում: Թեթև անհանգստության դեպքում սովորական ցավազրկողներն ու տնային միջոցները հաճախ արդյունավետ են: Դաշտանային ցիկլի մեջտեղում առաջացած ցավերը սովորաբար տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, թեև կարող են շարունակվել մինչև մեկ կամ երկու օր:
Ձվազատման (օվուլյացիոն) ցավը կարող է՝
տեղակայվել որովայնի ստորին հատվածում՝ միայն մի կողմում,
լինել բութ և մղկտացող բնույթի՝ նման դաշտանային ցավերին,
սկսվել կտրուկ և հանկարծակի,
ուղեկցվել թույլ հեշտոցային արյունահոսությամբ կամ արտադրությամբ,
լինել ուժեղ:
Այս ցավն առաջանում է այն ձվարանի կողմում, որն ազատում է ձվաբջիջ:
Անհրաժեշտ է հետևել դաշտանային ցիկլին մի քանի ամիս և նշել, թե երբ է զգացվում որովայնի ստորին հատվածի ցավ: Եթե դա տեղի է ունենում ցիկլի կեսին և առանց բուժման, ինքնուրույն անցնում է, ամենայն հավանականությամբ, միջին դաշտանային ցավ է:
Ձվազատման ցավը կամ համախտանիշը հազվադեպ է պահանջում որևէ բժշկական միջամտություն: Այնուամենայնիվ, պետք է դիմել բժշկի, եթե առկա է կոնքային ցավ, որն ուժեղանում է, ուղեկցվում է սրտխառնոցով կամ ջերմությամբ, կամ եթե ձգձգվում է: Նշվածներից որևէ մեկը կարող է հուշել այն մասին, որ առկա է ավելի լուրջ հիվանդություն, քան դաշտանային ցիկլի ցավն է, ինչպիսիք են ապենդիցիտը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը կամ, նույնիսկ, արտաարգանդային հղիությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ