12/07/2023 11:40
Բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները. Արմեն Գրիգորյան
Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում:
«Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը, բնականաբար, օգնելու են Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու են նաև Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է նա։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցն է 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:
Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը:
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար. «Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»:
Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով՝ Երևանն առաջին հերթին պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»:
«Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ։ Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առումով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»,- ասել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»: