12/07/2023 12:10
Հայաստանին զենք-զինամթերք չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. Արմեն Գրիգորյան
Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»,- ասել է նա։
Ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք-զինամթերքը չտրամադրելու մասին հարցին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ դա շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ:
«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,- ասել է Գրիգորյանը։