12/07/2023 18:30
Ինչու է Հանրայինը Արցախի փոխարեն սկսել օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը. Պարզաբանել են հեռուստաընկերությունից
Հանրային հեռուստաընկերությունը իր ռեպորտաժներում, հաղորդումներում «Արցախի Հանրապետության» փոխարեն սկսել է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։
Aysor.am-ը գրավոր հարցում է ուղարկել հեռուստաընկերություն՝ պարզելու՝ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, հաշվի առնելով, որ նախկինում Հանրայինը միշտ օգտագործել է «Արցախի Հանրապետություն» անվանումը։
Հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից Aysor.am-ին պատասխանել են.
«Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Ուստի երկու եզրերն էլ համարժեք գործածելի են։
Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել։
Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկումներում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, թղթակցական կետ ունի Ստեփանակերտում, ինչպես նաև համագործակցում է Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ։ Փոխգործակցության վերջին օրինակը հուլիսի 5-ին կայացած «Ստեփանակերտ - Երևան» հեռուստակամուրջն է, որի հեռարձակումը ապահովել են երկու Հանրայինները»։