12/07/2023 17:19
Երեկվանից են կրակել. այսօր առավոտյան գյուղի հովվի վրա կրակեցին, երևի վախեցնելու նպատակով. Տեղի ավագանու անդամ
Երեկվանից են կրակել, երկու վիրավոր կա, մեկը՝ երեկ, մեկն էլ այսօր է վիրավորվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը։
«Ես Արավուս գյուղից եմ, սահմանին կպած ամենավտանգավոր տեղն ա մերը։ Այսօր առավոտյան՝ 11-ի կողմերը, մեր գյուղի հովվի վրա կրակեցին, երևի վախեցնելու նպատակով։ Նրան բան չի եղել։ Բայց հիմա վիճակը նորմալ է։ Չգիտեմ՝ իշխանություններն ինչ են պատրաստվում անել, իրենցից հարցրեք։ Բնակիչների հեչ վեջն էլ չի՝ կրակում են, չեն կրակում, սովորել են, մարտական տրամադրություն ունեն, իրենց հողն ու ջուրը պահում են։ Մենք մեր հողը պահելու ենք, թող իրանք ոնց ուզում են՝ մտածեն»,-նշեց նա։
Հովսեփյանը նշեց, որ գյուղացիներին զենք չի տրամադրվել.«Աշխարհազորն է կանգնած, ամեն ինչ կանի։ Բանակի մեր զինվորները շատ հզոր տղերք են։ Վերև Աստված կա՝ հզոր զինվորներ ունենք, իրենց ցավը տանեմ։ Իրենք պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալու, ըտենց բան չկա, որ ասում են՝ հրաման չկա հակահարված տալու»։