12/07/2023 22:28
Սարսափելի է, ինչքան էլ պատմեմ՝ չեք պատկերացնի․ ահազանգ Ծաղկաձորից
Մտավորականները Ծաղկաձորի գրողների տուն այցից հետո ահազանգում են այնտեղ տիրող իրավիճակի մասին, գրում է «Հրապարակ»-ը։
«Մենք մեծ երկիր չենք, մեր ունեցածը մի քանի քաղաքներ են, պետք է կարողանանք պահել ու փրկել մեր անտառներն ու դրանք փոխանցել գալիք սերունդներին»,- լրատվամիջոցին ասել է պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: Նա առաջարկում է Ազգային ժողովին և մյուս պատկան մարմիններին նախագիծ մշակել և Ծաղկաձորը հռչակել որպես ազգային պարկ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մտավորականները նաև հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովից պահանջելով իրավիճակին լուծում տալ:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշել է, որ նախկին իշխանությունների արարքները եթե համեմատենք օրվա իշխանությունների գործողությունների հետ, ապա նախկինների արածը ներկաների համեմատ մեկ տոկոս անգամ չի կազմի.
«Այն, ինչ արվում է այսօր, պարզապես սարսափելի է, սակայն այս հարցը ես չէի ցանկանա քաղաքականացնել, որովհետև առաջնային հարցն այստեղ Ծաղկաձորի փրկությունն է: Այն, ինչ տեսանք, սարսափելի է․ ծառապատ անտառները դարձել են արմատուրաների անտառներ: Անտառներում, այն էլ Ծաղկաձորի ի՞նչ կարիք կա այդքան բնակելի շենքեր կառուցելու: Ի՞նչ պետք է անեն այդ շենքերը, ո՞վ պետք է այնտեղ ապրի: Ծաղկաձորի բնակչությունն այնքան փոքր է, որ կարելի է բոլոր բնակիչներին մեկ բնակելի շենքում տեղավորել: Այսինքն` ավերում են Ծաղկաձորը, հայտնի չէ, թե ում համար: Սա պարզապես հանելուկ է․ ո՞վ է այս ամենի թիկունքում կանգնած, ա՛յ սա է խնդիրը, չկա ոչ մի անուն: Պետք է քրքրենք ու հասկանանք, թե այս ամենի հետևում ով է կանգնած, այնպես չէ, որ պարզապես խոսում, կամ քննադատում ենք, ոչ, մենք պետք է ամեն գնով փրկենք Ծաղկաձորը: Ինչ եղել, եղել է, այդ շենքերն այլևս քանդել չենք կարող, սակայն գոնե պետք է կարողանանք նոր սկսվող գործողությունները կանխել», - նշել է նա:
Ծաղկաձորի գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանն էլ այն հարցին, թե կոնկրետ որ տարածքներում են ծառահատման աշխատանքներ իրականացվել, ի՞նչ տեսակի և ի՞նչ քանակի ծառեր են հատվել և վերջապես որտեղի՞ց են ստացել նման թույլտվություն, նշել է հետևյալը. «Շինարարական աշխատանքներն ընթանում են ոչ այնքան ծառապատ տարածքներում, սակայն կա մեկ-երկու նախագիծ, որոնք արդեն իսկ հասարակական լսումների արդյունքում որոշվել է կյանքի կոչել: Շինթույլտվությունն արդեն կա: Այսինքն` մեր խնդիրը նոր նախագծերին ընդվզելն է: Այս պահին տասը բարձրահարկ է կառուցվում, կառուցվող շենքերն աղավաղում են Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը: Աղբյուր են վերացրել, հին պատմական շենք են վերացրել: Սարսափելի է ուղղակի, դա տեսնել է պետք, ինչքան էլ պատմեմ այսպես, չեք պատկերացնի: Ինչ վերաբերում է թույլտվությանն, ապա ավագանին է թույլատրել, եղել են հասարակական լսումներ, որոնց միայն ես եմ մասնակցել, մեր հասարակությունը, ցավոք, շատ պասիվ է, ոչ մեկը չի եկել հարց բարձրացնի, թե այս ինչ եք անում: Միայն ես եմ ներկա եղել: Վերջին քննարկումը մի խայտառակ ծրագրի մասին էր, ես կրկին մենակ էի, ոչ ոք չկար: Ստացվում է, որ մեկ հոգու խոսքը չի կարող վճռորոշ լինել: Այնպես որ այդ ծրագիրը ևս փորձում են կյանքի կոչել: Այդ լսումներն իբրև վերաբերում են բնության պահպանությանը: Կա օրենքի կետ, որ շինարարությունը սկսելուց առաջ պետք է պարտադիր կազմակերպել հասարակական լսումներ և մարդկանց կարծիքն իմանալ, որից հետո միայն կազմել եզրակացություն՝ շինարարություն իրականացնե՞լ, թե՞ ոչ: Դե, քանի որ մեր հասարակությունն անտարբեր է, չի մասնակցում լսմներին, իրենք էլ «գալոչկա» են դրել, որ մարդիկ դեմ չեն արտահայտվում և արդյունքում որևէ բացասական եզրակացություն չի կազմվել: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ իրավիճակը բարդ է», - նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր մտավորականներ Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մովսես Մանուկյանը, Աշոտ Օհանյանը և Ժիրայր Դադասյանը հայտարարություն են տարածել՝ նշելով որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին: