12/07/2023 22:53
«Սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ»․ Գուրգեն Ներսիսյան
Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, հայտնում է «Արցախպրես»-ը։
Նա պատասխանել է հավաքի մասնակիցներին հուզող հարցերին, այնուհետև Ներսիսյանի ուղեկցությամբ նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո պետնախարարը կրկին հանդիպել է հավաքված հանրության հետ և հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի պահանջներին։
«Քննարկման արդյունքում երկրի նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ։ Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպվածություն են ցուցաբերում, բայց այս դեպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,-ասել է Գուրգեն Ներսիսյանը։