12/07/2023 10:05
«Ժողովուրդ». Ծովինար Վարդանյանի բոլոր ճամփորդությունները պետբյուջեի հաշվին են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ նա հանդիսանում է 2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բնակարանի միանձնյա սեփականատերը։
Ըստ այդ նույն հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի։
Ծովինար Վարդանյանը «Հայէկոնոմբանկ»-ից փոխառություն ունի ստացած՝ 31 մլն 560 հազար դրամի չափով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.5 տոկոս է։ Տարվա վերջին հայտարարագրի համաձայն՝ նա իր բանկային հաշիվներին ունեցել է 288 հազար 199 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ առհասարակ գումար չի հայտարարագրել։
Մեկ տարվա ընթացքում պատգամավորը 37 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 7 մլն 896 հազար դրամը նրա պատգամավորական աշխատավարձն էր, իսկ 29 մլն 300 հազար դրամն էլ նրա վարկն է։ Նրա միակ ծախսը 3 մլն դրամն է եղել, որը վարկի մարման ծախսն է եղել։
Փաստորեն, նրա բոլոր ճամփորդությունները պետբյուջեի հաշվին են եղել. համենայնդեպս, պատգամավորը այդ մասին չի հայտարարագրել ոչինչ»։