12/07/2023 19:34
«Ազով»-ի հրամանատարներին Ուկրաինային հանձնելը Թուրքիային լավ կողմից չի բնորոշում. Նարիշկին
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ին ասել է, որ Անկարայի կողմից «Ազով» ազգային գումարտակի հրամանատարներին Կիև վերադարձնելու փաստը լավ կողմից չի բնորոշում Թուրքիային։
Պատասխանելով գործակալության հարցին, թե ինչպե՞ս կարելի է գնահատել Թուրքիայի այդ քայլը, Նարիշկինը նշել է․
«Որպես թուրքական կողմից իր պարտավորությունների խախտում՝ այդ մասով։ Եվ դա լավ կողմից չի բնորոշում Թուրքիային»։
Ճշտող հարցին՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Թուրքիայի հետ շփումներ ունեցե՞լ է՝ այդ դեպքի հետ կապված, Նարիշկինը պատասխանել է․ «Ոչ, այդ իրադարձությունից հետո շփումներ չեն եղել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի կողմից «ազովցիներին» Ուկրաինային վերադարձնելու քայլը քննադատության էր ենթարկել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» գումարտակի ղեկավարներին Թուրքիայի կողմից Ուկրաինային վերադարձնելը գործող պայմանավորվածությունների ուղիղ խախտում է»,- հայտարարել էր նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանին ոչ ոք տեղյակ չի պահել զինյալների՝ Թուրքիայից Ուկրաինա վերադարձի մասին։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նրանք պետք է Թուրքիայի տարածքում մնային մինչև հակամարտության վերջը, և պայմանավորվածությունը, ինչպես նշել է Պեսկովը, խախտել են և՛ թուրքական կողմը, և՛ Կիևը։
««Ազովի» պարագլուխների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանավորվածությունների ուղիղ խախտում։ Ընդ որում, տվյալ դեպքում պայմանավորվածությունները խախտել են ինչպես ուկրաիանական կողմը, այնպես էլ թուրքական կողմը»,- ընդգծել էր Պեսկովը։
Նշենք, որ «Ազով» գումարտակը Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Ուկրաինական ազգային գումարտակի ղեկավարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյստոսլավ Պալամարը, Սերգեյ Վոլինսկին, Օլեգ Խոմենկոն և Դենիս Շլեգանն, որոնք պետք է Թուրքիայի տարածքում մնային մինչև հակամարտության ավարտը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո՝ հուլիսի 8-ին վերադարձել են Կիև։ Նրանք հենց այն գրոհայիններն են, որոնց ռուսական բանակը վերցրել էր՝ Մարիուպոլի ազատագրման ժամանակ և փոխանակել գերի ընկած ռուս զինվորների հետ։
«Ազովցիները» մինչև հուլիսի 8-ը գտնվում էին Թուրքիայի տարածքում, սակայն ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելով՝ Թուրքիան զինյալներին թույլ է տվել վերադառնալ Ուկրաինա։