12/07/2023 15:42
Սիսիանում հուլիսի 9-ին երեք հոգու դանակահարած անձի ինքնությունը պարզվել է. 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում՝ 2023թ. հուլիսի 9-ին Սիսիանում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 22-ամյա երիտասարդ է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով Սիսիանի բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված հատվածում վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև: Դեպքի վայր է ժամանել նաև երիտասարդի եղբայրը՝ 30-ամյա տղամարդը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը՝ 22-ամյա երիտասարդը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին՝ կրծքավանդակի հատվածում, ինչպես նաև՝ վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ)և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: