12/07/2023 18:42
«Այն ժամանակ ուշադրություն չդարձրին մեր նախազգուշացումներին, հիմա նորից ենք զգուշացնում»․ Սեյսմոլոգը Ստամբուլի շրջանում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսել
Թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը 7,2-7,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ է կանխատեսել Մարմարա ծովի շրջանում, որտեղ գտնվում է 17 միլիոնանոց Ստամբուլը, գրել է Cumhuriyet-ը։
«1999 թվականի ավերիչ երկրաշարժի մասին հայտնի էր դրանից դեռ 20 տարի առաջ։ Այն ժամանակ ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական իշխանությունները ուշադրություն չդարձրին մեր նախազգուշացումներին։ Այժմ մենք զգուշացնում ենք, որ երկրաշարժ կլինի Մարմարա ծովի տարածքում, ճեղքվածք կառաջանա Հյուսիսային Անատոլիայի տեկտոնական սալի հյուսիսային ճյուղում՝ Արքայազնների կղզիների և Կումբուրգազ քաղաքի տարածքում»,- պարբերականի հետ զրույցում ասել է սեյսմոլոգը՝ հավելելով՝ երկրաշարժից ամենից շատ կտուժեն Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա և Գեմլիկ քաղաքները։
Պարբերականը հիշեցրել է նաև, որ թուրք սեյսմոլոգները վաղուղ և բազմիցս նախազգուշացրել են ուժեղ երկրաշարժի մասին Ստամբուլի շրջանում, որը գտնվում է Անատոլիական և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում։ Ցնցումների արդյունքում, ըստ նրանց գնահատականների, 90 000 շենք-շինություններ միանգամից կհավասարվեն գետնին, իսկ 260 000-ը կվնասվեն և պիտանի չեն լինի բնակվելու, շահագործվելու համար, արդյունքում ժամանակավոր կացարանի կարիք կունենա 4,5 միլիոն բնակիչ։