12/07/2023 18:53
Այգուց տեղափոխել են ոստիկանություն, հայտնաբերել 10 փաթեթ թմրանյութ, տան խուզարկությամբ էլ՝ 72 փաթեթ․ 26-ամյա երիտասարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի մի շարք էական հանգամանքներ:
Մասնավորապես, 2023թ․ հուլիսի 8-ին՝ ժամը՝ 10:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքից Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 10 հատ փաթեթ, որոնցից հինգը՝ 6.59, հինգը՝ 6.45 գրամ քաշով, ինչպես նաև՝ մեկ փաթեթ՝ 0.24 գրամ քաշով բյուրեղանման զանգվածով փաթեթ, և գաղտնի փականով դանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 26-ամյա երիտասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:
Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր 72 հատ տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, յուրահատուկ հոտով փաթեթներ, տան առարկաների վրա՝ դեղնականաչավուն, չորացած հետքեր, մահակի նմանվող առարկա, ինչպես նաև՝ տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններ, որոնք առգրավվել են:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՓՔ վարչությունից ստացված՝ կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված իրերի նախնական ուսումնասիրության համաձայն՝ փոշեբյուրեղային զանգվածը հանդիսացել է 0.11 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ փորձաքննությանը տրամադրված թվով 10 փաթեթներից պատահական ընտրված 4 փաթեթների պարունակությունը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու և դրանից շահույթ ստանալու նպատակով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում զգալի չափերի «Մեթամֆետամին», ինչպես նաև «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, ապօրինի պահելու և տեղափոխելու համար:
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: