12/07/2023 11:48
Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրանքների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնել այն գործառույթները՝ այսինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշել է երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը:
«Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքրված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել: