12/07/2023 22:14
«Հյուսիսային Կորեայի հրթիռները կարող են հասնել Վիլնյուս, Փարիզ, Լոնդոն ու Բեռլին»․ Յուն Սոկ Յոլ
Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագիրը վտանգավոր է ոչ միայն Վիլնյուսի, այլև Փարիզի, Լոնդոնի ու Բեռլինի համար, Վիլյնուսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը։
«Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռներն իրական վտանգ են ներկայացնում և կարող են հարվածել ոչ միայն Վիլնյուսին, այլև Փարիզին, Լոնդոնին ու Բեռլինին, ուստի ՆԱՏՕ-ի երկրներն ու նրանց գործընկերները պետք է միավորվեն ու միաձայն դատապարտեն Հյուսիսային Կորեայի գործողությունները»,- Յուն Սոկ Յոլի խոսքերն է մեջբերել chosun.com-ը։
Հարավային Կորեայի ղեկավարը ասել է նաև, որ Եվրոպայի և Ասիայի անվտանգությունը ժամանակակից աշխարհում փոխկապակցված է։ Առանձին՝ քառակողմ հանդիպման ժամանակ էլ նա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերներ Ավստրալիային, Ճապոնիային և Նոր Զելանդիային կոչ է արել ամրապնդել համագործակցությունը:
Նշենք, որ նախօրեին հարավկորեական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել, ինչի կապակցությամբ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել։ Հարավկորեական լրատվամիջոցների պնդմամբ՝ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։