12/07/2023 18:07
Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը և գնում ենք այդ ուղով. Վահագն Խաչատուրյանը՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները, որոնք իրենց երկարամյա պատմությունն ունեն և վերընթաց զարգանում են: Այդ հարաբերությունները հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են քրիստոնեական արժեքները, խաղաղությունը, արդարությունը, մարդու իրավունքները:
Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը, և գնում ենք այդ ուղով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի և Սրբազան Քահանայապետի ջանքերի, հորդորների և աղոթքների համար՝ ուղղված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
Իհարկե, մեր հարաբերությունների զարգացման գործում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն և բազմաթիվ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ մենք հաստատել ենք բարձր մակարդակի երկխոսություն: Համոզված եմ՝ Ձեր այցելությունը ևս իր նպաստը կբերի մեր հարաբերությունների խորացման գործում»,- իր ողջունի խոսքում ասել է նախագահը:
Կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հյուրընկալության և ջերմ խոսքերի համար: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել: Իմ այս երկօրյա այցելության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով: Ես կարողացա խորացնել (անշուշտ, նախապես քաջատեղյակ էի) պատմական տեղեկությունները, որոնք վերաբերել են հայ ժողովրդին բաժին հասած այդ ողբերգությանը:
Ես նույնպես կցանկանայի ընդգծել այն գերազանց հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև: Ճիշտ նկատեցիք փոխայցելությունները բազմաթիվ են, և սա նշան է, որ առկա են լավ հարաբերություններ, ինչպես նաև ձգտում դրանք ավելի խորացնել ու զարգացնել»,- նշել է Սուրբ Աթոռի պետքարտուղարը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փաստացի մեկուսացումը ստեղծել է հումանիտար ճգնաժամ, որը ուղեկցվում է գազամատակարարման, էլեկտրականության և հեռահաղորդակցության արգելափակումներով։
Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը: