13/07/2023 19:28
Ոտքերի գիշերային ջղաձգումներ. Երևույթի պատճառները
Գիշերը ոտքերի շարունակական սպազմերը շատերին են անհանգստացնում: Դիտվում են կծկումներ, մկանային սպազմ։ Որպես կանոն, գիշերային սպազմերը երկար չեն տևում, բայց նույնիսկ սրունքի մկանների կարճ կծկումը բավական է մարդուն արթնացնելու համար։ Նոպաները կարող են առաջացնել ցավ, որը երբեմն շատ ինտենսիվ է լինում: Սպազմի միջին տևողությունը 10 վայրկյան է։
Ոտքերի գիշերային սպազմերը կարող են անհանգստացնել ցանկացած տարիքի մարդու, նույնիսկ երեխաներին, սակայն դրանցից ամենից հաճախ բողոքում են տարեցները։
Շատերին անհանգստացնում է այն հարցը, թե ինչու ոտքերի սպազմը ամենից հաճախ անհանգստացնում է հենց գիշերը և ոչ թե ցերեկը: Բանն այն է, որ քնի ժամանակ մկանների ակտիվությունը նվազագույնի է հասցված։ Նման պայմաններում բջիջներում սկսվում է կուտակվել կաթնաթթու, որը ցավոտ սպազմ է առաջացնում։ Բացի այդ, անոթային պաթոլոգիաներով մարդկանց մոտ երակային արտահոսքը անկատար է, իսկ զարկերակային արյան հոսքը՝ անբավարար։ Արդյունքում ստորին վերջույթների հյուսվածքներում թթվածնային քաղց է առաջանում՝ ուղեկցվող ցնցումներով։
Յուրաքանչյուր մկանային բջիջ էլեկտրական լիցքաթափման կրող է, քանի որ դրա պատերը ներսից ծածկված են կալիումի իոններով, իսկ դրսից՝ նատրիումի իոններով: Որպեսզի այս իոնային հավասարակշռությունը չխախտվի, բջիջներն ունեն հատուկ պոմպեր։ Իոնային լիցքերը թույլ են տալիս բջիջներին կծկվել:
Երբ բջջի վրա ազդում են նյարդային ազդակները, նրա լիցքը թուլանում է, քանի որ կալցիումի և նատրիումի իոնները ներթափանցում են , և կալիումը արտազատվում է։ Երբ բջիջը պարունակում է կալցիումի իոններ, սպազմ է առաջանում։ Հենց այս վիճակն էլ մարդն ընդունում է որպես ջղաձգություն: Սպազմը թեթևացնելու համար բջիջները գործարկում են հատուկ պոմպեր, որոնք կալիում են մղում և հեռացնում կալցիումն ու նատրիումը:
Բացի էլեկտրոլիտների անհավասարակշռությունից, նոպաները կարող են առաջանալ նյարդաբանական, արյան մատակարարման համակարգի խնդիրների պատճառով:
Եթե բջիջներում և արտաբջջային տարածությունում իոնների միջև հավասարակշռությունը խախտվում է, ապա մարդու մոտ առաջանում է նոպա։
Հետևյալ պաթոլոգիական պատճառները կարող են առաջացնել կալիումի, կալցիումի, նատրիումի, մագնեզիումի և քլորի իոնների անհավասարակշռություն․
Մարմնի ջրազրկում. Ջրազրկումն ամենից հաճախ հանգեցնում է էլեկտրոլիտների անհավասարակշռության, որի դեպքում արյունը մակարդվում է, արյան մեջ նատրիումի մակարդակը նվազում է, և մկանային սպազմ է զարգանում։
Միզամուղների ընդունում. Եթե մարդն ինքնաբուժությամբ է զբաղվում կամ չի հետևում միզամուղ դեղամիջոցներ ընդունելու վերաբերյալ բժշկի ցուցումներին, ապա կարող է գիշերային ցնցումներ ունենալ։
Հղիություն. Կնոջ օրգանիզմում հաճախ տարբեր վիտամինների և հանքանյութերի պակաս է առաջանում, քանի որ դրանք ծախսվում են աճող պտղի կարիքների համար։ Ուստի հղի կանայք ևս գիշերը հաճախ ոտքերի սպազմ են ունենում:
Լյարդի հետ կապված խնդիրներ. Ցիրոզի դեպքում գլոբուլինների և ալբումինների միջև անհավասարակշռություն է նկատվում: Արդյունքում հիվանդի մոտ կարող են զարգանալ նոպաներ:
Երիկամային քրոնիկ անբավարարություն. Այն հիվանդները, որոնք պետք է պարբերաբար հեմոդիալիզի պրոցեդուրաներ անցնեն, հաճախ ունենում են ոտքերի սպազմ:
Կրկնվող գիշերային սպազմերը անտեսելու դեպքում ավելի կսրեք իրավիճակը, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի օգնությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։