13/07/2023 16:35
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու
Ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ են տեղի ունենում քաղաքական թիմի, Երևան քաղաքի տարածքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երբ քննարկումների փուլն ավարտվի և որոշում կայացվի, քաղաքական խորհրդի որոշման մասին մենք հրապարակային հանդես կգանք։ Իսկ մինչ այդ, տարբեր շահագրգիռ կառույցների, կողմերի վերլուծություններին ու մեկնաբանություններին խնդրում եմ արժանահավատորեն չվերաբերվել, քանի որ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին կարող է հայտարարել բացառապես կուսակցությունը»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։