13/07/2023 18:30
Ռուբեն Ռուբինյանը գերմանական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել և խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաեւ խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը: Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»։