13/07/2023 12:20
Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են. այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն
Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են. այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն, նշված է կառավարության այսօրվա նիստի որոշման մեջ։
Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։
Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։
Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով», - ասված է որոշման նախագծում։