13/07/2023 16:11
Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք
Կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վ. Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Գասպարյանը, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Ա. Հակոբյանը իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել: Բացի այդ, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 36 մլն ՀՀ դրամ գումար:
Քրեական վարույթով պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում՝ նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ. Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար իր անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարող Ա. Հակոբյանին 2013թ. հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել վերջինիս անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների՝ ավելի քան 150 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու համար:
Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: