13/07/2023 11:30
Նկարչության ժամին միայն միրգ են նկարում. Արցախում երեխաները զրկված են մրգից (Տեսանյութ)
Հաղթահարելով շրջափակման ստեղծած դժվարությունները՝ Արցախի Հանարպետությունում շարունակում են գործել նախադպրոցական հաստատությունները։ 2020 թվականի պատերազմից հետո Ստեփականակերտում բացված Շուշիի պետական մանկապարտեզը, հակառակ դժվարություններին, փորձում է ամեն կերպ երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր ու հագեցած։ Հիմնական խնդիրը սննդի պակասն է ու աղքատիկ տեսականին։
Արդեն մեկ ամիս է՝ այստեղ միրգ ոչ թե ուտում, այլ նկարում են։
Շուշիի պետական մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանն ասում է, որ երբ ազատ նկարչություն են հանձնարարում երեխաներին, միրգ են նկարում.«Քանի որ նրանք դրան կարոտ են»։
Խնդիրներն ավելացնում են նաև հովհարային անջատումները, ինչպես նաև բենզինի ու դիզվառելիքի պակասը։ Մինչ լրիվ շրջափակումը՝ երեխաներին տալիս էին 4-անգամյա սնունդ։
«Ամեն շաբաթ հնարավոր եղած բանջարեղենը մատակարարվում է, մի կերպ՝ ծերը ծերին ենք հասցնում։ Ժամանակ է լինում, որ խոհարարները առավոտը ժամը 7-ին են գալիս, որպեսզի կարողանան հասցնել սնունդը։ Մեր ունեցած պաշարները կբավականացնեն մինչև այս տարվա օգոստոս։ Մսի խնդիրը ևս օրհասական է», - նշում է տնօրենը։