13/07/2023 17:02
Լոռիում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ 20 հազար ծառ է մուլչապատվել Գործընկերություն՝ Հայաստանի անտառածածկույթն ավելացնելու համար
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում Վիվա-ՄՏՍ-ի նվիրատվության շնորհիվ աշնանը քսան հազար ծառ է տնկվել: Կարևոր նպատակի՝ անապատացման դեմ պայքարի համար, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառ ստեղծելու լուրջ ջանքեր են գործադրել: Բարձր լեռնային հատվածում ութ ամիս առաջ իրականացված աշխատանքները դեռևս ավարտված չեն համարվում, քանի դեռ ցանկալի արդյունք չի արձանագրվել: Սարի թեքադիր հատվածում, որտեղ սահմանափակվում է նույնիսկ լիաքարշակ մեքենաների ընթացքը, ոռոգում իրականացնելը գրեթե անհնար է: Ու թեև հողի դիրքադրությունը, ծառատեսակների ընտրությունը, տեսակային կազմն ու դրանց՝ կլիմային հարմարվելը հաշվարկվել է՝ մեծ ծավալի նորատունկ անտառը խնամք է պահանջում:
Վիվա-ՄՏՍ-ի անվանական տարածքում, 6 հա տարածքի վրա՝ Ջրաշեն գյուղի թեքադիր ու լերկ սարերում, 20 հազար նորատունկ ծառի մուլչապատում է իրականացվել: Ծառի բները մաքրվել են մոլախոտերից և ծածկվել ծղոտով՝ մուլչով: Մշտադիտարկումները թույլ կտան գնահատել արդյունքը: Այս պահի տվյալները հուսադրող են. եթե բնությունն անակնկալներ չմատուցի, նոր սկսվող անտառն իր գեղեցկությամբ տեսանելի կլինի առաջիկա 20-30 տարվա ընթացքում: Դա մոտավորապես 6 հա տարածք կզբաղեցնի: Անտառների ստեղծումը կարևոր է անապատացման դեմ պայքարի, թեք լանջերի հողի էրոզիայի կանխման, ջրային ռեսուրսների պահպանման և ի վերջո՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու տեսանկյունից:
«Մուլչապատումը երկու նպատակ ունի. առաջինը՝ խոնավությունը պահպանում է հողի մեջ, դանդաղեցնում ջրի գոլորշիացումը, ինչը ծառին թույլ է տալիս ավելի հարմարավետ ու խոնավ միջավայրում աճել, երկրորդը՝ կանխում է մոլախոտերի աճը: Այս սեզոնին, երբ բավականին առատ անձրևներ են լինում, հաճախ մոլախոտը շատ ավելի արագ է աճում, քան ծառը, և կարող է նույնիսկ բարձրանալ ավելի վերև, պատել ծառին, խեղդել, դրա համար այս խնամքը շատ կարևոր է»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:
Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Կա և անտառների ծավալը մեծացնելու, և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն:
Համատեղ ծրագրով Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Բնապահպանական հասարակական այս կազմակերպության հիմնական աշխատողների թիվը 49 է: Նրանց գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են: Անտառատնկման և խնամքի սեզոնին հիմնական խմբին միանում է ևս 200 աշխատող տեղական համայնքներից։ Այս տարի մուլչապատմանը մասնակցել է 80 աշխատող Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Լեռնապատ, Սարամեջ համայնքներից: Նրանք սպասում են ցանկալի արդյունքի՝ ապագա սերնդի համար թթվածնի և ջրի պաշար ստեղծելու հեռանկարով: Խնամում են սիրով և կարծում, որ այդ հոգատարությունը ևս հայրենասիրության դրսևորման օրինակ է: