13/07/2023 14:54
Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։
Հիմնական զեկուցող, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, կարգելվի հրավառությունների ներմուծումը, բացառությամբ` պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում: Նախատեսվում են նաեւ տուգանքներ՝ ներմուծման հետ կապված պահանջները խախտելու դեպքերում:
Կարգելվի 16 տարին չլրացած անձանց բոլոր դասերի հրագործական արտադրատեսակի վաճառքը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում նշել է, որ նախագծի ընդունումից հետո հանրության շահը վեր է դասվելու մասնավորի շահից: Նա նաեւ նշել է, որ ընդունվող սահմանափակումները հնարավորություն կտան չխախտել քաղաքացիների հանգիստը, կանխել մանկահասակ երեխաների խեղումները, ինչպես նաեւ կանխարգելել տեխնածին աղետները: