13/07/2023 12:16
6 ամսով կարգելվի Հայաստանից անմշակ կաշվի արտահանումը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-ից և կգործի մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ սույն թվականի հունվարի8-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 443,751 կգ չմշակված տավարի հումք։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։
Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։ ՀՀ-ում կենդանիների մորթն ունի սեզոնային բնույթ և հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է մոտ 400 տոննա անմշակ կաշվի մթերում և վերամշակում։
Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում է մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել են տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։
Կաշվի վերամշակմամբ զբաղվող խոշորագույն Արմա Լեդեր ՍՊԸ ներկայումս իրականացնում է կաշվե հումքի վերջնական վերամշակում և իրացնում է տեղական շուկայում։ Ընկերությունը համագործակցում և վերամշակված հումքը մատակարարում է տեղական կոշիկ արտադրող ընկերություններին, մասնավորապես՝ «Կարո Գրուպ» – զինվորական կոշիկների արտադրություն, «Էլմա Շուզ» ՍՊԸ, «Յան Շուզ» ՍՊԸ, «Կոտայք Շուզ» ՍՊԸ, «ԱՐՄՈՍ» կոշիկի ձեռնարկություն։
Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: